Երբ տոներից հետո դասերը սկսվեցին, ամեն տարվա նման գնացի դպրոց՝ զինղեկ ընկերոջս վարած դասերին հետևելու: Դրանք վերջին տարիների իմ ամենամեծ ուրախությունն են, քանի որ ընկերս աշակերտներից այնպիսի զինվորներ է սարքում, որ նրանք իրենց սովորածը նույնիսկ բանակային երկամյա բարդակում չեն մոռանում: Իմ բախտից, այդ օրը գործնական պարապմունք էր, և աշակերտները պիտի զենք քանդել-հավաքել սովորեին: Ողջունեցի, նստեցի վերջին շարքում, որ ոչ մեկի ուշադրությունը չշեղեմ:
Ահա զինղեկի հրահանգով տղաներից մեկը մոտեցավ սեղանին, զինղեկը միացրեց վայրկյանաչափը, ու տղան կայծակնային արագությամբ ինչ-որ բան ոլորեց-պոկեց ինչ-որ բանից: Վերջին շարքից լավ չէի տեսնում՝ ինչ զենք է, բայց ենթադրում էի, որ ամեն տարվա պես նույն «Կալաշնիկով» ինքնաձիգը պիտի լինի:
- Հինգ վայրկյան, կեցցե՛ս, գերազա՛նց,- ասաց զինղեկը:
Այդտեղ չհամբերեցի ու ոտքի ելա:
- Սպասիր, եղբայր, ո՞նց թե հինգ վայրկյան: Ես լավ եմ հիշում՝ անցյալ տարի քո լավագույն աշակերտը 15 վայրկյանում էր քանդում «Կալաշնիկովը» ու 25 վայրկյանում հավաքում:
- «Կալաշնիկովը» մոռացի, հիմա ուրիշ բան ենք քանդում-հավաքում:
- Ի՞նչ բան:
- Դուշ:
- Ի՞նչ:
- Դե, ցնցուղ էլի, ԿԳՄՍ նոր չափորոշիչներով հիմա աշակերտները վարպետանում են դուշ քանդել-հավաքելու մեջ:
- Այդ տղան ռեկորդակի՞րն է:
- Ո՛չ, ռեկորդը չորս վայրկյան է:
- Բա ո՞վ է ռեկորդակիրը:
- Գերագույն-գլխավորը:
- Բա էս տղերքը չեն կարողանու՞մ գերազանցեն:
- Հլը թող փորձեն:
- Այսի՞նքն:
- Խստորեն հրահանգված է, որ գերագույնի ռեկորդը ոչ ոք չպիտի գերազանցի:
- Ախպեր, չսիրեցի էս դասը, ես գնամ, հետո կրակելու դասին կգամ հրաձգարան: Էրեխեքդ էլի 10-ից 10 ե՞ն խփում:
- Կրակելը մոռացի:
- Էդ ինչի՞:
- Հիմա հրաձգարանի պատերին լիքը կախիչներ ենք կպցրել, ու աշակերտները պիտի 10 վայրկյանում 10 կախիչ պոկեն:
- Ինչի՞ 10 վայրկյանում:
- Որովհետև գերագույնը 9 վայրկյանում ա 10 կախիչ պոկում:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ